Հայերեն | English

Հայաստանի Ազգային
Պոլիտեխնիկական Համալսարան

«ERASMUS+ PRINTEL» Նախագծի Կայք

Նորություններ

Դասախոսների վերապատրաստման վարժանքների արդյունքների ամփոփում

 

30 հունվար, 2019

հունվարի 30, 2019 տեղի ունեցավ ՀԱՊՀ ռեկտորատի նիստ, ուր ներկայացվեցին «ERASMUS+ PRINTEL» նախագծով դասախոսների վերապատրաստման վարժանքների արդյունքները

2019 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցավ ՀԱՊՀ ռեկտորատի նիստը, որի ընթացքում «ERASMUS+ PRINTEL» նախագծով Եվրոպական բուհերում վերապատրաստում անցած դասախոսները ներկայացրեցին եվրոպական գործընկեր համալսարաններում կայացած վերապատրաստման վարժանքների արդյունքները։ Նիստին ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ո․ Մարուխյանը, ռեկտորատի և «ERASMUS+ PRINTEL» նախագծի ՀԱՊՀ թիմի անդամները։

Ներածական խոսքով հանդես եկավ միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր, «ERASMUS+ PRINTEL» նախագծի ՀԱՊՀ համակարգող Ռ․ Աղգաշյանը, ով հակիրճ ներկայացրեց ծրագրի և վերապատրաստումների նպատակները, ինչպես նաև վերապատրաստմանը մասնակցած դասախոսների ընտրության սկզբունքները։

Այնուհետ ելույթ ունեցան վերապատրաստումներին մասնակցած դասախոսները, որոնք ներկայացրեցին դասընթացների յուրահատկությունները՝ շեշտը դնելով ՀԱՊՀ -ում կիրառման համար նպատակահարմար տեխնոլոգիաների վրա։ Մասնավորապես Կ․ Խուդավերդյանը նշեց Գրացի Կիրառական Գիտությունների Համալսարանի «Հիբրիդային/խառնուրդային դասավանդում և ուսուցում» դասընթացում ներկայացված աշխատանքը էլեկտրոնային ուսուցման հարթակի հետ, առցանց ուսուցման նյութերի մշակումը, խմբային նախագծման և առցանց պորտֆոլիոների մշակման գործիքները։

Արուսյակ Աբրահամյանը ներկայացրեց Բելգիայի Լյուվենի Կաթոլիկ Համալսարանում ակտիվ ուսուցում դասընթացի յուրահատուկ TPACK, ADDIE, SWOT մոդելները, SMART ձևավորման գործընթացը, Բլումի տաքսոնոմիան։

Մերի Ղազարյանը նկարագրեց Շվեդիայի Լինկոպինգ քաղաքի համալսարանում իրենց ներկայացված Lightboard գրատախտակը և դրա կիրառությունն ակտիվ ուսուցման գործընթացներում, ուսուցման նպատակների SMART ձևավորման գործընթացը, Բլումի տաքսոնոմիան, Flipped Classroom ուսուցանման մեթոդը։

Էլլա Հովհաննիսյանը ներկայացրեց Պորտոյի Համալսարանում ուսումնասիրված «Վիդեոի կիրառությունը բարձրագույն կրթության մեջ» դասընթացը և Panopto-ն որպես Video հարթակ բարձրագույն կրթության համար կիրառական ծրագրային փաթեթը։

Արմեն Հովհաննիսյանը ներկայացրեց Բարսելոնայի համալսարանում ուսումնասիրված sli.do, Poll Everywhere, Mentimeter գործիքները և դրանց կիրառությունն ակտիվ ուսուցման գործընթացում, թվային ինֆոգրաֆիկայի եղանակն ակտիվ ուսուցման գործընթացում, խաղաֆիկացման և մոբայլ ուսուցման տեխնոլոգիաների կիրառումը կրթության ոլորտում։

Ներկայացված բոլոր զեկույցներն ուղեկցվեցին ներկաների ակտիվ քննարկումներով, որի ընթացքում նշվեց ծրագրերի տեղայնացման, ձեռք բերված փորձի տարածման և կիրառման կարևորությունը, ինչպես նաև շնորհակալության խոսք հայտնվեց մասնակիցներին կատարված աշխատանքի համար։

Ամփոփելով մոտ երկու ժամ տևած ներկայացումներն ու քննարկումները, ՀԱՊՀ ռեկտոր պրոֆեսոր Ո․ Մարուխյանն առաջարկեց ՀԱՊՀ դասախոսների վերապատրաստման կենտրոնում իրականացվող ծրագրերի պարտադիր բաժինը լրացնել նոր դասընթացով՝ «Դասավանդման ժամանակակից տեխնոլոգիաներ», որի հիմքում ընկած կլինեն «ERASMUS+ PRINTEL» ծրագրի շրջանակներում վերապատրաստված դասախոսների կողմից մշակված նյութերը։ Առաջարկն ընդունվեց միաձայն։